Աշխատանքային այց Վայոց ձորի և Կոտայքի մարզեր ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի գրասենյակի հետ համատեղ

2022 թ․ օգոստոսի 5-ին շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի ծրագրերի իրականացման և մոնիթորինգի բաժնի առաջատար մասնագետ Մերի Մարտիրոսյանը ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի գրասենյակի կողմից մշակվող «Սևանա լճի ավազանում հողային ռեսուրսների և արժեքավոր էկոհամակարգերի պահպանում և կայուն կառավարում» ծրագրի շրջանակներում աշխատանքային այցով գտնվում էր Վայոց ձորի և Կոտայքի մարզերում։

«ԲԾԻԳ» ՊՀ-ի ներկայացուցիչը ՄԱԶԾ ծրագրի համակարգող Գայանե Ղարագեբակյանի, ծրագրի շրջանակներում ներգրավված փորձագետ՝ Ագրարային Համալսարանի բուսաբուծության հողագիտության ամբիոնի վարիչ Գագիկ Թովմասյանի, Առողջապահության ազգային հաշիվների կենտրոնի ղեկավար՝ ՄԱԶԾ Կլիմայի փոփոխության ծրագրերի փորձագետ Անաստաս Աղազարյանի հետ միասին հանդիպումներ է ունեցել վերոնշյալ մարզերի մի շարք համայնքների և Արոտօգտագործողների միավորման մեջ ընդգրկված սպառողական կոո­պերատիվների ղեկավարների հետ։

Հանդիպումների ընթացքում քննարկվել են ծրագրի հիմնական բաղադրիչներն ու ուղղվածությունները, ինչպես նաև ծրագրի շահառուներին  է ներկայացվել ՄԱԶԾ Կլիմայի փոփոխության ծրագրերի փորձագետ Անաստաս Աղազարյանի կողմից մշակված մոդուլ, որի կիրարկումը թույլ է տալիս ցանկացած տնտեսվարողի հաշվարկել իր տնտեսության եկամտաբերության, բերքատվության, կաթնատվության մակարդակը, ինչպես նաև կանխատեսել ներդրումների վերադարձելիությունը։ Իրականացված քննարկումների արդյունքում համայնքների ներկայացուցիչները բարձրաձայնեցին իրենց մտահոգություններն ու մարզերում առկա խնդիրները, ինչպես նաև հայտնեցին իրենց պատրաստակամությունը՝ աջակցելու ծրագրին։