Աշխատանքային այց Նարեկ համայնք

Ս.թ. փետրվարի 6-ին «Հայաստանի Արարատյան դաշտում հողերի չեզոք դեգրադացիայի գաղափարի իրականացում» պիլոտային ծրագրի  շրջանակներում «ԲԾԻԳ» ՊՀ-ի տնօրեն Մ. Գալստյանը, տնօրենի տեղակալ Ս. Բալոյանը, էկոկրթական ծրագրերի բաժնի պետ Ռ. Շահազիզյանը աշխատանքային այցով Արարատի մարզի Նարեկ համայնքում էին: Գործուղման նպատակն էր՝

  1. Նարեկ համայնքում հստակեցնել կաթիլային ոռոգման համակարգի ներդրման տարածքները:
  2. Նախնական գնահատել աշխատանքների ծավալը և արժեքը:
  3. Հստակեցնել ճանապարհների եզրով ծառատնկման տարածքները, տնկվող ծառերի տեսականին և քանակը:
  4. Նախնական գնահատել ճանապարհների եզրով ծառատնկման տարածքների ոռոգման ցանցի ծավալը և արժեքը:

Նարեկ համայնքի համայնքապետարանում հանդիպում էր կազմակերպվել համայնքի ղեկավարի և ավագանու անդամների հետ: Քննարկվեցին կաթիլային ոռոգման ներդրման համար բնակիչների կողմից ներկայացված դիմումները, ինչպես նաև ճանապարհի եզրով ծառատնկման վերաբերյալ  ավագանու որոշումը: Համայնքապետը և ավագանու անդամները նշեցին, որ պահպանվել է արդարության սկզբունքը և ավագանու նիստում քննարկվել են բոլոր դիմումները: Գործուղման մասնակիցները  համայնքի շահառուների հետ այցելեցին պոտենցիալ տարածքներ և ուսումնասիրեցին կաթիլային ոռոգման ներդրման հնարավորությունները: Մասնավորապես՝ ոռոգման ջրի առկայությունը, խողովակաշարերի վիճակը,  հիմնական և լրացուցիչ աշխատանքների ծավալը: Որոշում կայացվեց շարունակել աշխատանքները և մեկ շաբաթվա ընթացքում վերջնական հստակեցնել ծրագրում ընդգրկվելիք տարածքները, ըստ բաղադրիչների իրականացվող աշխատանքների խոշորացված արժեքը: