Սեմինար-խորհրդակցություն ՀՀ բանկային համակարգի ներկայացուցիչների հետ

Կանաչ կլիմայի հիմնադրամի կողմից տրամադրված դրամաշնորհի միջոցներով իրականացվող «Պատրաստվածության աջակցության» ծրագրի շրջանակներում «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ն սեմինար-խորհրդակցություններ է իրականացնում հիմնադրամի գործառույթ­ների, ինչպես նաև հիմնադրամի հետ համագործակցության հնարավորութ­յունների վերաբերյալ: 2018թ. դեկտեմբերի 19-ին «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում կազմակերպված հերթական խորհրդակցության մասնակիցները ՀՀ բանկային համակարգի ներկայացուցիչներն էին. ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ պարոն Ն. Երիցյանը, առևտրային բանկերի ղեկավարներ և մասնագետներ: Մասնակիցներին ողջունեց և կլիմայական ֆինանսավորման նոր բացվող հնարավորությունները, կլիմայի փոփոխության առաջ բերած մարտահրավերները, Հայաստանի որդեգրած ռազմավարությունը և Կանաչ կլիմայի հիմնադրամի հետ փոխգործակցությունը ներկայացրեց Բնապահպանության նախարարի առաջին տեղակալ տիկին Ի. Ղափլանյանը: «ԲԾԻԳ» ՊՀ-ի փորձագետների կողմից խորհրդակցության մասնակիցներին մանրամասն տեղեկատվություն տրամադրվեց Կանաչ կլիմայի հիմնադրամում հավատարմագրման, հիմնադրամի դրամաշնորհային, վարկային և այլ  ռեսուրսներից օգտվելու և հիմնադրամի օժանդակությամբ կլիմայի  փոփոխությանն առնչվող ծրագրերի իրականացման հնարավորությունների վերաբերյալ: Ծավալվեց շահագրգիռ քննարկում, որի արդյունքում կողմերը պայմանավորվեցին հետագա համագործակցության ձևաչափի վերաբերյալ: Վերջում մասնակիցներին տրամադրվեց Կանաչ կլիմայի հիմնադրամի գործառույթների, ինչպես նաև հիմնադրամի հետ համագործակցության հնարավորությունների վերաբերյալ «ԲԾԻԳ» ՊՀ-ի կողմից հրատարակված համառոտ ձեռնարկը: