Սեմինար-խորհրդակցություն էներգետիկայի և գյուղատնտեսության ոլորտների պետական և մասնավոր ընկերությունների, գիտական հաստատությունների ներկայացուցիչների հետ

«Կանաչ կլիմայի հիմնադրամ-ֆինանսավորման նոր հնարավորություններ» սեմինար-խորհրդակցությունների շարքի շրջանակներում «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ն սույն թվականի հունվարի 31-ին կազմակերպել էր հերթական հանդիպումը էներգետիկայի և գյուղատնտեսության ոլորտների պետական և մասնավոր ընկերությունների, գիտական հաստատությունների ներկայացուցիչների հետ։ Բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Իրինա Ղափլանյանը ողջունեց և իր խոսքում հայտնեց, որ բնապահպանական ծախսերը իրականում լուրջ ու երկարաժամկետ ներդրումներ են և հիմնադրամի աջակցությամբ զարգացող երկրներում ստեղծվող կլիմայի փափոխության հարմարվողականության և մեղմման ենթակառուցվածքները բնապահպանական խնդիրների լուծմանը զուգահեռ նպաստելու են նաև տվյալ երկրների սոցիալ-տնտեսական զարգացմանը։ «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրեն Մերուժան Գալստյանը, ներկայացրեց կլիմայի փոփոխության առաջ բերած մարտահրավերները, կլիմայի փոփոխության ազդեցության մեղմման և հարմարվողականության ուղղությամբ Հայաստանի որդեգրած ռազմավարությունը, կլիմայական ֆինանսավորման ինչպես նաև Կանաչ Կլիմայի Հիմնադրամի հետ փոխգործակցության հնարավորությունները։ Հաջորդիվ ծրագրի փորձագետները ներկայացրին հիմնադրամի հիմնական սկզբունքները և նպատակները։ Ինչպես նաև մանրամասն տեղեկատվություն տրամադրեցին Կանաչ Կլիմայի Հիմնադրամին հավատարմագրվելու, ֆինանսական գործիքակազմի /դրամաշնորհներ, վարկեր, երաշխիքներ և կապիտալ ներդրումներ/, և հիմնադրամի օժանդակությամբ կլիմայի փոփոխությանն առնչվող ծրագրերի իրականացման հնարավորությունների վերաբերյալ: Սեմինարի մասնակիցներին տրամադրվեց Կանաչ Կլիմայի Հիմնադրամի գործառույթների, ինչպես նաև հիմնադրամի հետ համագործակցության հնարավորությունների վերաբերյալ «ԲԾԻԳ» ՊՀ-ի կողմից հրատարակված համառոտ ձեռնարկները: