2022 թվականի սեպտեմբերի 12-17-ը շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանի գլխավորած պատվիրակության կազմում «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրեասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատար Արմեն Եսոյանը և դոնորների հետ համագործակցության բաժնի գլխավոր մասնագետի պաշտոնակատար Լիա Ապիկյանը մասնակցեցին Կորեայի Հանրապետությունում կայացած Կանաչ կլիմայի հիմնադրամի գլոբալ պլանավորման երկրորդ համաժողովին։
Համաժողովին մասնակցել են 60 երկրներից ժամանած փոխվարչապետներ, նախարարներ, փոխնախարարներ և բարձրաստիճան այլ պաշտոնյաներ՝ շուրջ 500 մասնակից։ Համաժողովի նպատակն էր քննարկել կլիմայական ներդրումների արդյունավետությունը համաշխարհային տնտեսական աճող ճնշումների և անորոշության պայմաններում բարձրացնելու ջանքերը և առաջարկել նոր լուծումներ:
Համաժողովի ընթացքում հայկական պատվիրակության ներկայացուցիչները մասնակցել են հետևյալ պանելային քննարկումներին՝
- Գործընկերությունների դերը «Ազգային մակարդակով սահմանված գործողություններից» համաներդրումային համակարգերին անցնելու հարցում,
- ԿԿՀ-2 ռազմավարություն և համալրում,
- Պատրաստվածության ռեսուրսների դերը կլիմայական ներդրումները խթանելու հարցում,
- Ներդրումների պլանավորումը Ազգային մակարդակով սահմանված գործողությունների իրականացման համատեքստում,
- Ջրային անվտանգություն,
- Անտառներ և հողօգտագործում,
- Կլիմայական տեղեկատվություն և վաղ ազդարարման համակարգեր,
- Շահագրգիռ կողմերի ներգրավվածության խթանում,
- Ֆինանսավորված ծրագրեր․ ադապտիվ կառավարումից և գնահատումից քաղած դասեր։
Բացի համաժողովի հիմնական պանելային քննարկումներից և հանդիպումներից, «ԲԾԻԳ» ՊՀ-ի ներկայացուցիչները մասնակցել են ուղիղ հասանելիություն ունեցող կազմակերպություններին առնչվող քննարկումներին, անդրադարձ է կատարվել ծրագրերի մշակման և իրականացման ընթացքում ի հայտ եկած հիմնական մարտահրավերներին, որոնց բախվում են ուղիղ հասանելություն ունեցող կազմակերպությունները։ Ներկայացվել է վերոնշյալ մարտահրավերները հաղթահարելու ԿԿՀ գործիքակազմը։ Այս համատեքստում քննարկվել են ուղիղ հասանելիություն ունեցող կազմակերպությունների գործողությունների պլանը:
Առանցքային նշանակություն ուներ նաև ծրագրերի մշակման և դյուրացված հաստատումներին առնչվող քննարկումներին մասնակցությունը։ Վերջիններիս ընթացքում անդրադարձ է կատարվել կլիմայական ծրագրերի ֆինանսավորման մշակման համատեքստում հավատարմագրված կազմակերպություններին հանդիպող հիմնական տեխնիկական, ֆինանսական և ոլորտային մարտահրավերներին, դրանք հաղթահարելու լավագույն փորձին, դյուրացված հաստատման գործընթացի շրջանակներում մշակված նոր չափանիշներին և այլն։
Գլոբալ պլանավորման երկրորդ համաժողովի ընթացքում հիմնարկի ներկայացուցիչները երկկողմ հանդիպում են ունեցել Կանաչ կլիմայի հիմնադրամի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների ծրագրերի պատասխանատու ներկայացուցիչների` Սվետլանա Ֆրենովայի, Սալամաթ Երեջեփովի, Անտառների և հողօգտագործման գլխավոր մասնագետ Պետրի Վուորինենի և Ծրագրերի մշակման մեխանիզմի մասնագետ Էյջեյ Ունտալանի հետ։ Հանդիպումների ընթացքում քննարկվել են հետևյալ թեմաները՝
- «Հայաստանում կանաչ վերականգնման խթանում. անտառային ենթակառուցվածքների զարգացում և կայուն աշխատատեղերի ստեղծում գյուղական համայնքների համար» ծրագրի հայեցակարգի վերանայման շրջանակներում ի հայտ եկած խնդիրներ և աշխատանքներն առավել արդյունավետ դարձնելու ուղիները:
- «Կլիմայի փոփոխությամբ պայմանավորված բնական աղետների հանդեպ հարմարվողականության բարձրացում՝ մշտադիտարկման և վաղ ազդարարման համակարգի հզորացման միջոցով» ծրագրի հայեցակարգի վերաբերյալ Կանաչ կլիմայի հիմնադրամի մեկնաբանությունները:
- «ԲԾԻԳ» ՊՀ-ԿԿՀ համագործակցությունն առավել արդյունավետ դարձնելու ընթացակարգային հարցերը։
«ԲԾԻԳ» ՊՀ ներկայացուցիչները շրջակա միջավայրի նախարարի տեղակալի և կլիմայական քաղաքականության վարչության պետի հետ մասնակցել են նաև Կանաչ կլիմայի հիմնադրամի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների ծրագրերի համար պատասխանատու ներկայացուցիչների` Սվետլանա Ֆրենովայի, Ուրվակշ Պատելի և ԿԿՀ շրջանակներում ներգրավված հայ փորձագետ Արմեն Ռոստոմյանի հետ հանդիպմանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել է «Երկրի ծրագիր» փաստաթղթի վերանայման անհրաժեշտությունը՝ նախարարության կողմից սահմանված առաջնահերթություններին առնչվող ծրագրերի համընդգրկուն ներկայացմամբ։