2023 թ․ ապրիլի 3-ից 7-ը «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը հյուրընկալել էր Հարմարվողականության հիմնադրամի մշտադիտարկման առաքելությունը (պատվիրակության անդամներ՝ Մահամաթ Ասույուտտի, Մարտինա Դորիգո, Ալիսա Գոմես), որի նպատակն էր ծանոթանալ Հիմնադրամի կողմից ֆինանսավորվող և հիմնարկի կողմից իրականացվող ծրագրերի արդյունքներին, մշտադիտարկել հիմնարկի հաջողված փորձը, տեղեկություն հավաքագրել ծրագրերի իրականացման ընթացքի, քաղված դասերի մասին՝ այն հետագայում վերլուծելու և Հիմնադրամի այլ իրականացնող մարմինների շրջանում տարածելու նպատակով։
Հարմարվողականության հիմնադրամի խորհրդի որոշման համաձայն՝ այցի շրջանակներում մշտադիտարկվել են «ԲԾԻԳ» ՊՀ-ի կողմից իրականացվող երեք ծրագրերը՝
«Արթիկ քաղաքի փակված քարհանքի թափոնների և ջրհեղեղների կառավարում»,
«Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներին հարակից էկոհամակարգերի և համայնքների հարմարվողականության կարողությունների ամրապնդում»,
«Ապագա առաջնորդների ներգրավում․ երիտասարդների համար հարմավողականության հիմնախնդիրների և լավագույն փորձի վերաբերյալ թվային կրթական մոդուլի ստեղծում»։
Հնգօրյա այցի ընթացքում պատվիրակության անդամները․
- Հանդիպում են ունեցել շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի հետ, ներկայացրել Հիմնադրամի գործունեությունը։ Նախարարը կարևորել է հայաստանյան ծրագրերի արդյունավետությունը՝ նշելով, որ այն կամրապնդի հետագա համագործակցությունը՝ ի նպաստ շրջակա միջավայրի ոլորտի կայացման ու զարգացման։ Հիմնադրամի ներկայացուցիչները նշել են, որ «ԲԾԻԳ» ՊՀ-ի վերջերս տեղի ունեցած վերահավատարմագրումը և ընդլայնված հասանելիությունը կստեղծեն ակտիվ փոխգործակցության բոլոր անհրաժեշտ նախապայմանները։
- Մասնակցել են Հայաստանի ազգային ագրարային համալսարանում տեղի ունեցած «Արթիկ քաղաքի փակված քարհանքի թափոնների և ջրհեղեղների կառավարում» դրամաշնորհային ծրագրի աշխատանքների ներկայացմանը, ներկայացրել Հիմնադրամի ֆինանսավորման պատուհանները՝ այդ թվում նաև նշված ծրագրի շարունակականության ապահովման հավանական գործիքները։
- Այցելել են «Արթիկ քաղաքի փակված քարհանքի թափոնների և ջրհեղեղների կառավարում» դրամաշնորհային ծրագրի տարածք, տեղում ծանոթացել թափոնների և ջրհեղեղների կառավարման համատեքստում կատարված աշխատանքների արդյունքներին, հանդիպել ծրագրի շահառուներին, ծրագրի շրջանակներում ստեղծված էկոակումբների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։
- Հանդիպում են ունեցել Շիրակի փոխմարզպետ Աննա Մարտիկյանի հետ և քննարկել Հիմնադրամի հետ համագործակցության հեռանկարները։
- Այցելել են Արարատի մարզ՝ ծանոթանալու «Հայաստանի ԲՀՊՏ-ներին հարակից էկոհամակարգերի և համայնքների հարմարվողականության կարողությունների ամրապնդում» ծրագրի արդյունքներին, հանդիպումներ են ունեցել շահառուների հետ։
- Աշխատանքային քննարկում են ունեցել Վեդի խոշորացված համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանի հետ՝ համայնքում հիմնադրամի ֆինանսավորմամբ իրականացված աշխատանքների ու հետագա համագործակցության հնարավորությունների շուրջ։
- Այցելել են Տավուշի մարզ, որտեղ Դիլիջանի պետական քոլեջում մասնակցել են «Ապագա առաջնորդների ներգրավում․ երիտասարդների համար հարմարվողականության հիմնախնդիրների և լավագույն փորձի վերաբերյալ թվային կրթական մոդուլի ստեղծում» ծրագրի շրջանակներում ստեղծված էկոկրթական մոդուլի ներկայացմանն ու փորձարկմանը։
- Դիլիջան քաղաքում, Խաչարձան և Հովք վարչական միավորներում այցելել են «Հայաստանի ԲՀՊՏ-ներին հարակից էկոհամակարգերի և համայնքների հարմարվողականության կարողությունների ամրապնդում» ծրագրի տարածք, հանդիպել ու հարցազրույցներ են վերցրել ծրագրի տարաբնույթ արդյունքների (դաշտային դպրոց, ջերմոցներ, չորանոցներ, ոռոգման ցանց) շահառուներից և կապալառուներից։
- Աշխատանքային հանդիպում են ունեցել Դիլիջան խոշորացված համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանի հետ, որի ընթացքում անդրադարձ է կատարվել Դիլիջան համայնքում վերջին տարիներին իրականացված ծրագրերին ու կուտակված փորձառությանը, պայմանավորվածություն է ձեռք բերվել խորացնել համագործակցությունն առավել թիրախային ծրագրերի շուրջ:
- Հարմարվողականության հիմնադրամի պատվիրակներին ներկայացվել են նաև «Ապագա առաջնորդների ներգրավում․ երիտասարդների համար հարմավողականության հիմնախնդիրների և լավագույն փորձի վերաբերյալ թվային կրթական մոդուլի ստեղծում» նորարարական ծրագրի շրջանակներում առ այսօր իրականացված և պլանավորված աշխատանքները, հրավիրված կապալառուները ներկայացրել են ծրագրի սաղմնային փուլում կատարված հայեցակարգի մշակման աշխատանքները, ինչպես նաև ստեղծված էկոկրթական մոդուլի տարածման և թեստավորման ընթացիկ աշխատանքները՝ հաշվի առնելով Հիմնադրամի համար ծրագրի հաջող իրականացման կարևորությունը՝ որպես իր կողմից ֆինանսավորված անդրանիկ նորարարական ծրագիր ողջ աշխարհում։
Ապրիլի 7-ին տեղի ունեցած եզրափակիչ քննարկման ընթացքում «ԲԾԻԳ» ՊՀ-ի ներկայացուցիչներն ու առաքելության մասնակիցները նախնական ձևաչափով ամփոփել են առաքելության արդյունքներն ու կիսվել իրենց տպավորություններով։ Հիմնադրամի պատվիրակները նշել են, որ իրենց փորձառության մեջ առաջին անգամ են իրականացնում միաժամանակ 3 ֆինանսավորվող ծրագրերի մշտադիտարկում և տպավորված են «ԲԾԻԳ» ՊՀ-ի կողմից իրականացված աշխատանքների մասշտաբով։ Նշել են նաև, որ համարում են իրենց առաքելությունը հաջողված, քանի որ հնարավորություն ունեցան անձամբ ականատես լինել, թե ինչպես են Հիմնադրամի ֆինանսական միջոցները բարելավում խոցելի խմբերի կյանքը՝ միաժամանակ նպաստելով նրանց՝ կլիմայի բացասական ազդեցության նկատմամբ հարմարվողականության կարողությունների ամրապնդմանը, ինչը Հարմարվողականության հիմնադրամի գործունեության հիմնական նպատակն է։
Առաքելության անդամները հանդես եկան առաջարկությամբ սերտորեն համագործակցել «ԲԾԻԳ» ՊՀ-ի հետ՝ վերջինիս ծրագրերի իրականացման, մշտադիտարկման, արդյունքահեն և ադապտիվ կառավարման հարուստ փորձով Հիմնադրամին հավատարմագրված այլ կառույցների հետ կիսվելու հարցում։