Պատվիրակություն Լեհաստան

<<Օժանդակություն ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը՝ հանքարդյունաբերության ոլորտում բնապահպանական կառավարումը, ներառումը և թափանցիկությունն ապահովելու նպատակով>> ԻԶՀ-ի (ինստիտուցիոնալ զարգացման հիմնադրամ) դրամաշնորհային ծրագրի շրջանակներում 05.10.2015 թ. ՀՀ բնապահպանության նախարարության պատվիրակությունը ուսուցողական այց կատարեց Լեհաստանի Զաբժե, Տիխիյ, Պշչինա, Կատովիցե և Վարշավա քաղաքներ:
ՀՀ բնապահպանության նախարարությունը ներկայացնում էին ՀՀ բնապահպանության նախարարի խորհրդական Աշոտ Հովհաննիսյանը, ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի քարտուղարության պետ Նաիրա Ալավերդյանը, ընդերքի և հողերի պահպանության քաղաքականության վարչության պետ Վիգեն Ավետիսյանը, ՀՀ բնապահպանության նախարարության <<Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ>> պետական հիմնարկի տնօրենի տեղակալ Սամվել Բալոյանը և դոնորների օժանդակությամբ իրականացվող ծրագրերի բաժնի պետ Էդիկ Ոսկանյանը:
Ուսուցողական այցին մասնակցում էին նաև ՀՀ Սյունիքի և Լոռու մարզպետարանների ներկայացուցիչները, Քաջարանի և Ախթալայի քաղաքապետերը, ՀՀ Սյունիքի մարզից երկրաբանության մեկ փորձագետ, <<Օժանդակություն ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը՝ հանքարդյունաբերության ոլորտում բնապահպանական կառավարումը, ներառումը և թափանցիկությունն ապահովելու նպատակով>> ԻԶՀ-ի դրամաշնորհային ծրագրի շրջանակներում ներգրավված երկու տեղական փորձագետներ:
Այցի նպատակն էր հանքարդյունահանման գործունեության ազդակիր խոցելի համայնքների վերահսկաման կարողությունների ուժեղացմանը նվիրված սեմինարներին ու միջոցառումներին մասնակցելը:
Այցելության ընթացքում քննարկված թեմաներն են՝ շահագործված հանքերի ռեկուլտիվացիա, կոքսի արտադրություն, շահագործված հանքի թանգարանի կազմակերպում, կեղտաջրերի մաքրման կայանների ժամանակակից տեխնոլոգիաներ, մետաղամշակման գործարանի ժամանակակից տեխնոլոգիաներ, աղբի վերամշակման ժամանակակից տեխնոլոգիաներ, էկոկրթական կենտրոնի գործունեություն:
Արդյունքում ուսուցողական այցի մասնակիցները ձեռք բերեցին ժամանակակից տեխնոլոգիաների վերաբերյալ գիտելիքներ:
Ուսուցողական այցի ընթացքում հանդիպումներ կայացան Զաբժեի և Կատովիցեի քաղաքապետարաններում:
Այցի վերջին օրը Վարշավայում հանդիպում կայացավ Լեհաստանում Հայաստանի դեսպան պարոն Է.Ղազարյանի հետ:

Միջազգային կազմակերպությունների հետ «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի համագործակցության փորձառությունն սկիզբ է առել 2002 թվականից: Իրականացնելով «Բնական պաշարների կառավարման և չքավորության նվազեցման» վարկային ծրագիրը 2002-2009 թվականներին` ԾԻԳ-ը համագործակցել է Համաշխարհային Բանկի (WB), Գլոբալ Էկոլոգիական Հիմնադրամի ` ԳԷՀ (GEF), Շվեդիայի «Միջազգային զարգացման ու համագործակցության գործակալության» (Swedish international development cooperation agency – SIDA) հետ:
Համաշխարհային Բանկի հետ համագործակցության արդյունքում իրականացված գործողությունները նպատակաուղղված են եղել ջրհավաք ավազանների համայնքահեն կառավարմանը, պետական անտառների կառավարման համակարգի կատարելագործմանը, իրավական և ինստիտուցիոնալ դաշտի հզորացմանն ու մարդկային ռեսուրսների կարողությունների զարգացմանը: Աշխատելով ՀԲ — ի ընթացակարգերով` ԾԻԳ — ի աշխատակազմը ձեռք է բերել ծրագրավորման և ծրագրի արդյունավետ իրականացման որակներ: Կարևոր ձեռքբերում է եղել ՀԲ գնումների ընթացակարգի կիրառման, ծրագրերի իրականացման ընթացիկ վերահսկողության ու գնահատման որակների զարգացումը:
ԳԷՀ-ի հետ համագործակցությունն ուղղված է եղել պահպանվող տարածքների կառավարման համակարգի բարելավմանն ու կենսաբազմազանության պահպանմանը: Հիմնական շահառուները եղել են «Սևան» և «Դիլիջան» ազգայի պարկերը, «Զիկատար» բնապահպանական կենտրոնը:
SIDA-ի հատկացումներն ուղղված են եղել մարդկային ռեսուրսների կարողությունների մեծացմանը, համայնքային աջակցությանը, իրազեկման ու կրթական ոլորտների զարգացմանը:
Այդ ընթացքում ԾԻԳ-ը համագործակցել է ամերիկյան ERM, եվրոպական SOFRECO, INDUFOR, SPAN կազմակերպությունների հետ:
2010 թվականին, ՀՀ կառավարության կողմից վերակազմակերպվելով որպես «Բնապահպանական ծրագրերի կենտրոն» ՊՈԱԿ, շարունակվել է համագործակցությունը միջազգային կազմակերպությունների հետ:
ԳԷՀ-ի ֆինասավորմամբ իրականացվել է «Ազգային պորտֆելիո ԳԷՀ-5» (Natinai portfolio – GEF 5) ծրագիրը, որի արդյունքում ԳԷՀ է ներկայացվել Հայաստանի Հանրապետության կողմից 2011-2015 թթ. ԳԷՀ-ի ֆինասավորմամբ իրականացվելիք ծրագրային առաջարկների փաթեթը:
2010 թվականին, անցնելով ՄԱԶԾ-ի կողմից կազմակերպված անկախ աուդիտ, «ԲԾԿ» ՊՈԱԿ — ը սկսել է իրականացնել ՄԱԶԾ/ԳԵՀ միջին ծավալի «Հայաստանի հատուկ պահպանվող տարածքների զարգացում» ծրագրի մեկ բաղադրիչը: Նույն ծրագրի շրջանակներում արդյունավետ է եղել համագործակցությունը Բնության Համաշխարհային Հիմնադրամի (WWF) հետ` «Հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենքի լրամշակման հետ կապված:
2011 թվականին ՀՀ կառավարությունը լուծարել է «ԲԾԿ» ՊՈԱԿ-ը և նրա կադրային ու նյութատեխնիկական բազայի վրա ստեղծել է ներկայումս գործող «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը (ԲԾԻԳ ՊՀ): Պահպանելով իր կադրային ռեսուրսները` նորաստեղծ ԾԻԳ-ը կարողացել է միջազգային գործընկերների առջև հանդես գալ որպես փորձառու և վստահելի գործընկեր:
Այդ ընթացքում պատրաստվել և ԳԷՀ են ներկայացվել «Կենսաբազմազանության ազգային ռազմավարության և գործողությունների ազգային ծրագրի վերանայում», «Անապատացման դեմ պայքարի ազգային ծրագրի վերանայում» դրամաշնորհային ծրագրերը:
ԾԻԳ — ը իրականացնում է նաև Համաշխարհային Բանկի կողմից ֆինանսավորվող «Հայաստանի Հանրապետության հանքարդյունաբերության ոլորտում շրջակա միջավայրի կառավարման, ներառման և թափանցիկության ապահովման համար» դրամաշնորհային ծրագիրը` իր աշխատուժով և նյութատեխնիկական հնարավորություններով ապահովելով երկրի համաֆինանսավորման մասը:
Այս պահին նախապատրաստվում է ՄԱԿ-ի Բնապահպանական Ծրագրի (UNEP) համակարգման իրականացվելիք «Հայաստանի գյուղական համայնքներում ապրուստի միջոցների բարելավում` գյուղատնտեսական կենսաբազմազանության պահպանման և օգտագործման միջոցով» ծրագրի իրականացման ձևաչափը: Էկոկրթական ծրագրի նախաձեռնություն է սկսվել Գերմանիայի Միջազգային Համագործակցություն (GIZ) ծրագրի հետ:
ԾԻԳ – ը, համաձայն իր կողմից որդեգրած քաղաքականության, այն է` նպաստել հնարավորինս շատ դրամաշնոհային միջոցների մուտք դեպի երկիր, ՄԱԶԾ/ԵՄ «ClimaEast» ծրագրի շրջանակներում նախաձեռնել է «Կլիմայի փոփոխության մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի շրջանակներում գործող Հավատարմագրային ֆոնդում (TRUST FUND) ԾԻԳ-ը հավատարմագրելու աշխատանքները: Հավատարմագրմանը կհետևի դրամաշնորհային առաջարկի պատրաստումը և ներկայացումը TRUST FUND:
Ավարտման փուլում է «Ազգային պորտֆելիո ԳԷՀ-6» փաթեթի պատրաստման դրամաշնորհային ծրագրի առաջարկը, որի իրականացումը հնարավորություն կտա պլանավորել ԳԷՀ-ի հետ երկրի համագործակցությունը 2016-2020 թվականների համար:
Միջազգային համագործակցության կարևորագույն ոլորտ է ԾԻԳ-ի աշխատակիցների կողմից միջազգային կազմակերպությունների հետ աշխատանքների համակարգումը:
ԳԷՀ-ում Հայաստանը ներկայացված է կառավարման խորհրդի այլընտրանքային անդամի կարգավիճակով: Դա հնարավորություն է տալիս տարեկան 2 անգամ մասնակցել ԳԷՀ-ի կառավարման խորհրդի նիստերին: Որպես խորհրդի այլընտրանքային անդամ Հայաստանը ներկայացնում է ԾԻԳ-ի ներկայացուցիչը: ԳԷՀ-ի ֆինասավորման մաս է կազմում ՄԱԶԾ-ի գրասենյակով իրականացվող «ԳԷՀ-ի փոքր դրամաշնորհային ծրագիրը»` ուղղված բնապահպանական հասարակական կազմակերպությունների կարողությունների հզորացմանը, որը նույնպես համակարգվում է ԾԻԳ-ի ներկայացուցչի կողմից: ԾԻԳ-ը համակարգում է նաև Անդրսահմանային ՄԻացյալ Քարտուղարության (TJS) հետ աշխատանքները , ինչպես նաև «Անապատացման դեմ պայքարի» կոնվենցիայի գիտական և տեխնոլոգիական ոլորտը: