Կարողությունների զարգացման դասընթացներ Էլեկտրական շարժունակության թեմայով

2023 թվականի հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներին Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի, ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի ֆինանսավորմամբ և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության համաֆինանսավորմամբ «Բնապահպանական ծրագրերի իրականացման գարսենյակ» պետական հիմնարկի կողմից իրականացվող «Անցում էլեկտրական շարժունակությանը Հայաստանում» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում իրականացվեց կարողությունների զարգացման դասընթացների շարք Վանաձոր և Գյումրի քաղաքներում:

Դասընթացների նպատակն էր շահակիրներին զինել էլեկտրական մեքենաների լիցքավորման կայանների ենթակառուցվածքների զարգացման և պլանավորման, էլեկտրական շարժունակության տեխնիկական բնութագրերի, էլեկտրամոբիլների մարտկոցների թափոնների կառավարման, էլեկտրական շարժունակության ռազմավարության, քաղաքականության և օրենսդրական կարգավորումների, էլեկտրական շարժունակության ֆինանսավորման գործիքների և գենդերային ասպեկտների վերաբերյալ գիտելիքներով։

Դասընթացներին մասնակցեցին հանրային և մասնավոր հատվածները ներկայացնող շուրջ 55 մասնակիցներ։

Դասընթացներն իրականացվեցին հիբրիդային ձևաչափով, մասնակիցակենտրոն բնույթ ունեցող ֆորմալ և ոչ-ֆորմալ կրթական մեթոդիկայի կիրառմամբ։ Դասընթացների ֆորմալ հատվածն իրականացվեց ծրագրի փորձագետների և իրականացման թիմի մասնագետների կողմից վերոնշյալ թեմաներով շնորհանդեսների ներկայացման և հարցուպատասխանի տեսքով, այդ թվում՝ Վերականգման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) hարթակի ղեկավար Վիկտոր Բոնիլլան առցանց ձևաչափով ներկայացրեց ԳԷՀ Գլոբալ շարժունակության ծրագիրը, տարածաշրջանային աջակցության և ներդրումային հարթակը, ներառյալ՝  Գլոբալ ծրագրի աշխատանքային խմբերի գործունեության արդյունքները, տարածաշրջանային հարթակի դասընթացները և վեբինարները: Դասընթացների շրջանակներում ոչ-ֆորմալ կրթական մեթոդիկայի կիրառումն իրականացվեց մենթորների ղեկավարությամբ թիմային աշխատանքների կազմակերպման միջոցով։ Թիմային աշխատանքների ընթացքում մասնակիցները սահմանեցին ոլորտի զարգացման հիմնական մարտահրավերները, առաջադրեցին դրանց հավանական լուծումները։