Աշխատանքային խորհրդակցություն Շրջակա միջավայրի նախարարությունում

Շրջակա միջավայրի նախարարության ենթակա ստորաբաժանումների աշխատանքների ամփոփման շրջանակում այս անգամ նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանն ընդունել էր Շրջակա միջավայրի նախարարության Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակի աշխատակազմին։

«Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ տնօրենի ժ/պ Ա․Եսոյանը նախարարի պաշտոնակատարին  ներկայացրեց վերջին ամիսների աշխատանքների արդյունքները, հիմնարկի նոր կառուցվածքային ստորաբաժանումները և դոնոր կազմակերպությունների հետ տարվող ընթացիկ աշխատանքները։
Այս պահին ԲԾԻԳ-ի կողմից իրականացվում են 5 ծրագրեր՝
1. «ՀՀ բնության հատուկ պահպանվող տարածքներին հարակից էկոհամակարգերի և համայնքների հարմարվողականության կարողությունների ամրապնդում»,
2.  «Արթիկ քաղաքի փակ քարհանքի թափոնների և ջրհեղեղների կառավարում»,
3. «Ապագա առաջնորդների ներգրավում. երիտասարդների համար հարմարվողականության հիմնախնդիրների և լավագույն փորձի վերաբերյալ թվային կրթական մոդուլի ստեղծում»,
4.  «Կենսաբանական անվտանգության չորրորդ ազգային զեկույց»,
5.  «Պատրաստվածության աջակցություն»։
Նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանը հետաքրքրվեց յուրաքանչյուր ծրագրի ընթացքով և նախարարության մասնագիտական ստորաբաժանումների կողմից վերոնշյալ ծրագրերին տեխնիկական և մեթոդական աջակցություն տրամադրելու պատրաստակամություն  հայտնեց։
Նախարարի պաշտոնակատարը շնորհակալություն  հայտնեց գործընկերներին կատարված և իրականացվող աշխատանքների բովանդակալից ներկայացման համար․
«Ակնառու է, որ «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ում ունենք լուրջ դրական տեղաշարժ և աշխատանքի արդյունավետության բարձրացում։ Ես դա վերագրում եմ համախմբված թիմային աշխատանքին, և ինչու ոչ՝ գրասենյակի տնօրենի պաշտոնակատարի և տնօրենի տեղակալի անձնական որակներին և իրենց առաջնորդական կարողություններին։
ԲԾԻԳ-ն ունի նախարարության կենտրոնական ապարատի լիարժեք աջակցությունը՝ թե՛ նյութատեխնիկական, թե՛ մարդկային ռեսուրսների տեսքով։ Կարևորը, այն բոլոր ծրագրերը, որոնք նախանշված են առաջիկայում, բարձր պրոֆեսիոնալիզմով և պահանջված նորմերին խիստ համապատասխան առաջ մղվեն՝ հանուն շրջակա միջավայրի պահպանության և կայուն կառավարման»։