2018թ-ի նոյեմբերի 30-ին Արարատի մարզպետի տեղակալ Արտավազդ Նազարեթյանն ընդունեց ՀՀ բնապահպանության նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրեն Մերուժան Գալստյանին և նրա տեղակալ Սամվել Բալոյանին: Հանդիպմանը մասնակցեցին նաև մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության ոլորտի պատասխանատուները : «ԲԾԻԳ» -ի ղեկավար կազմը ներկայացրեց առաջիկայում Արարատի մարզում իրականացվելիք բնապահպանական և սոցիալ-տնտեսական կարևոր նշանակության երկու ծրագիր: Առաջին ծրագիրը` «Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներին հարակից համայնքների և էկոհամակարգերի հարմարվողականության ներուժի ամրապնդում»-ը, ներկայացվել է «Կլիմայի փոփոխության մասին» ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի Հարմարվողականության հիմնադրամի խորհրդի հաստատմանը, և ակնկալվում է, որ կմեկնարկի 2019 թվականի առաջին կիսամյակի ընթացքում: Ծրագրի նպատակն է բնակչության կենսամակարդակի բարձրացմամբ նպաստել էկոհամակարգերի և դրանց բաղադրիչների վրա կլիմայի փոփոխության բացասական ազդեցության մեղմմանը և նվազեցնել բնության հատուկ պահպանվող տարածքների վրա մարդածին ճնշումը: Ծրագիրն իրագործվելու է Ուրցաձոր համայնքում, որն ամենամոտն է «Խոսրովի անտառ» պետական արգելոցին: Ակնկալվում է, որ ծրագրի իրականացման արդյունքում կբարձրանա բնական էկոհամակարգերի և գյուղատնտեսական լանդշաֆտների հարմարվողականությունը կլիմայի փոփոխության նկատմամբ և կզարգանան համայնքային կարողությունները: Երկրորդ՝ «Հայաստանի Արարատյան դաշտում հողերի չեզոք դեգրադացիայի գաղափարի իրականացում» պիլոտային ծրագիրը, իրագործվելու է ՄԱԿ-ի «Անապատացման դեմ պայքարի» կոնվենցիայի քարտուղարության աջակցությամբ՝ 2018-2020թթ. ընթացքում: Ծրագրի նպատակն է նվազագույնի հասցնել հողերի դեգրադացիան և անապատացման գործընթացները՝ բարելավելով բնակչության սոցիալ-տնտեսական վիճակը: Այնուհետև ծավալվել են քննարկումներ ծրագրերը ճիշտ տեղայնացնելու,դրանց արդյունավետությունը բարձրացնելու, հանրության իրազեկման և աշխատանքների իրականացման ընթացքում թափանցիկություն ապահովելու վերաբերյալ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել ծրագրերում լրամշակումներ անելու նպատակով ներկայացնել առաջարկություններ և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ հանդիպումներ կազմակերպել` նշված ծրագրերը մանրամասն ներկայացնելու և դրանց իրականացման ընթացքում համագործակցության ուղղություններն ամրագրելու նպատակով: Շեշտելով վերոնշյալ գործընթացների իրականացման կարևորությունն Արարատի մարզում՝ մարզպետի տեղակալը շնորհակալություն հայտնեց ծրագրերի աջակիցներին ու իրականացնողներին և միաժամանակ նշեց, որ անհրաժեշտ է քայլեր կատարել մարզպետարանի և համայնքների հետ սերտ համագործակցություն սկսելու համար և պարտադիր հաշվի առնել բնակիչների կարծիքը: Ա.Նազարեթյանը պատրաստակամություն հայտնեց աջակցել ծրագրային գործընթացներին, ինչպես նաև ապահովել մարզպետարանի համապատասխան աշխատակիցների մասնակցությունը և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ներկայությունը հետագա աշխատանքներում: