ՀՀ շրջակա միջավայրի նախարարության«Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ի և Լիտվայի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության Բնապահպանական ծրագրերի կառավարման գործակալության միջև համագործակցության շրջանակներում Եվրոպական միության TAIEX գործիքի ֆինանսավորմամբ 2022 թվականի հունիսի 15-17-ը կազմակերպվել է փորձագիտական առաքելություն և եռօրյա դասընթաց։
Առաքելությունը նպատակաուղղված էր բնապահպանական ծրագրերի կառավարման համատեքստում լավագույն փորձի փոխանակմանը։ Այդ նպատակով Հայաստան էր ժամանել Լիտվայի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության Բնապահպանական ծրագրերի կառավարման գործակալության տնօրենի տեղակալ Դենիուս Կազլաուսկասը։
Եռօրյա դասընթացի ընթացքում, որին մասնակցեցին ՀՀ ՇՄՆ և «ԲԾԻԳ» ՊՀ-ի շուրջ 30 աշխատակիցներ, պարոն Կազլաուսկասը ներկայացրեց Բնապահպանական ծրագրերի կառավարման գործակալության գործառույթները, կառուցվածքը, գործունեության շրջանակը, այն ոլորտները և հնարավորությունները, որոնք կարելի է օգտագործել կազմակերպությունների միջև համագործակցությունն ընդլայնելու նպատակով։
Առաքելության շրջանակներում պարոն Կազլաուսկասը հնարավորություն ունեցավ նաև այցելել Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակի կողմից ՄԱԿ-ի Հարմարվողականության հիմնադրամի ֆինանսավորմամբ իրականացվող «Արթիկ քաղաքի փակված քարհանքի թափոնների և ջրհեղեղների կառավարում» պիլոտային ծրագրի տարածք և ծանոթանալ ընթացիկ աշխատանքներին։