Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը հայտարարում է մրցույթ խորհրդատվական ծառայության մատուցման պայմանագիր ստորագրելու վերաբերյալ՝ համաձայն ստորև ներկայացված տեխնիկական առաջադրանքի

Տեխնիկական առաջադրանք

Ծառայության անվանումը՝ Սևանա լճի առափնյա երեք տարածքների զբոսաշրջային զարգացման հայեցակարգի և գլխավոր հատակագծի մշակում:

Ծառայության բնութագիրը. 

Նախատեսվում է ներգրավել խորհրդատվական ընկերություն /այսուհետ՝ Խորհրդատու/՝ մշակելու Լճաշեն-Ծովագյուղ գերբեռնված զբոսաշրջային հատվածի, Շորժա-Վարդենիս և Մարտունի-Գավառ տարածաշրջանների զբոսաշրջային զարգացման հայեցակարգը և գլխավոր հատակագիծը։

«Սևան» ազգային պարկի տարածքում մինչև այժմ իրականացված կառուցապատումները մեծամասամբ իրականացվել են ոչ կանոնակարգված, ուստի սույն առաջադանքով նախատեսվում է մշակել Սևանա լճի գերբեռնված զբոսաշրջային հատվածների քաղաքաշինական զարգացման հայեցակարգը՝ ուղղված հանգստի և զբոսաշրջության գործառույթների ակտիվացմանը։

Զբոսաշրջային զարգացման հայեցակարգը և գլխավոր հատակագիծը պետք է ներառեն նշված տարածքների հանգստի և զբոսաշրջության գործառույթների ակտիվացման հայեցակարգային մոտեցումներ, որի հիման վրա պետք է մշակվեն տարածքների քաղաքաշինական զարգացման նախագծերը: Պետք է նախատեսվեն տարածքների տնտեսական զարգացման կոնկրետ գործողություններ, որոնք կբերեն արդյունավետ և չափելի արդյունքների:

Նախագծերը պետք է ներառեն կոմունալ-տնտեսության, ինժեներական, տրանսպորտային ենթակառուցվածք­ների, զբոսաշրջության և ռեկրեացիայի օբյեկտների զարգացմանը ներկայացվող պահանջները և նպաստեն տվյալ հատվածների հանգստի և զբոսաշրջության գործառույթների ակտիվացմանն ու տեղական համայնքների զարգացմանը:

Հայեցակարգը պետք է ներառի «Սևան» ազգային պարկի տարածքում գործունեության սահմանափակումները և առաջարկի բնապահպանական տեսակետից լավագույն տեխնոլոգիաներն ու լուծումները:

Խորհրդատուն պետք է տրամադրի հետևյալ ծառայությունները.

  • Մշակի «Սևան» ազգային պարկի Լճաշեն-Ծովագյուղ գերբեռնված զբոսաշրջային հատվածի, ինչպես նաև Շորժա-Վարդենիս և Մարտունի-Գավառ տարածաշրջան­ների քաղաքաշինական զարգացման հայեցակարգը, որը պետք է նպաստի տվյալ հատվածների հանգստի և զբոսաշրջության գործառույթների զարգացմանը:
  • «Սևան» ազգային պարկ պետական ոչ առևտրային կազմակերպության, մարզային կառույցների և համայնքների հետ համատեղ վերհանի հիմնական շահառուներին և, մասնակցային գործընթացների կազմակերպման միջոցով, բացահայտի խոչընդոտները, բացերը և հողօգտագործման խնդիրները:
  • Առաջարկի տնտեսական խթանման մոտեցումներ, որոնք կապահովեն ներդրումների ներգրավումը տարածքների զարգացման և «Սևան» ազգային պարկի տնտեսական գործունեության առողջացման նպատակով:

Խորհրդատուն պետք է հաշվի առնի՝

  • Սևանա լճի բնապահպանական, սոցիալական, տնտեսական և մշակութային բացառիկ արժեքը.
  • Սևանա լճի մակարդակի նախատեսված բարձրացումը` համաձայն «Uևանա լճի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի.
  • Առկա ենթակառուցվածքների համապատասխանությունը օրենսդրու­թյան պահանջներին.
  • Հարակից համայնքների զարգացմանը նպաստող մոտեցումները.
  • Լանդշաֆտային պլանավորման սկզբունքները.
  • Պատմամշակույթային օբյեկտների պահպանությունը.
  • Լճաշեն-Ծովագյուղ հատվածում Սևան քաղաքի առկայությունը՝ որպես հավելյալ հյուրանոցային և զբոսաշրջային հատված.
  • Առկա տարածական պլանավորման /քաղաքաշինական ծրագրային/ փաստաթղթերով սահմանված պահանջների ու պայմանների հաջորդականության և զարգացման ապահովումը.
  • Եվրոպայի Խորհրդի անդամ պետությունների «Ափամերձ գոտիների կառավարման մոդելային օրենքը և ափամերձ գոտիների կառավարման եվրոպական նորմերը», (European Code of Conduct for Coastal Zones, CO-DBP (99) 11, Geneva, 19 April 1999).
  • Ամրագրված քաղաքաշինական սահմանափակումները` պետական, հասարակական և մասնավոր շահերի հավասարակշռման և փոխհամաձայնեցման ապահովմամբ.
  • Սեյսմիկ պայմանները, բնածին ինժեներա-երկրաբանական և տեխնածին երևույթներից պաշտպանության միջոցառումները:

Աշխատանքները նախատեսվում են իրականացնել 4 փուլով, յուրաքանչյուր փուլի արդյունքները համաձայնեցվում են ՀՀ կառավարության կողմից ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի հետ:

Փուլ 1. Փաստացի իրավիճակի ուսումնասիրություն

Աշխատանքը ներառում է.

  • Հանդիպումներ պատվիրատուի և շահագրգիռ կողմերի հետ՝ քննարկելու ծրագրի խնդիրներն ու նպատակները.
  • Առկա իրավիճակի ու խնդիրների ուսումնասիրություն՝ պատվիրատուի կողմից տրամադրված ելակետային նյութերի և տեղանք կատարված այցելությունների ու հանդիպումների հիման վրա.
  • Տարածքի ուսումնասիրություն՝ բնակլիմայական պայմանների, կոմունալ և ինժեներական, տրանսպորտային ենթակառուցվածքների առկա իրավիճակի, շահագործման ներկա հողօգտագործման և կառուցապատման իրավիճակի, ինչպես նաև տարածքին վերաբերող քաղաքաշինական ծրագրային հաստատված փաստաթղթեր և այլն:

Փուլ 2. Տարածքի համալիր գնահատում, ծրագրային սխեմատիկ առաջարկությունների մշակում

Զարգացման հայեցակարգի նախնական տարբերակի, հենակետային հատակագծի և կատարված ուսումնասիրություն­ների վերաբերյալ հաշվետվության նախագծի մշակում: Աշխատանքը ներառելու է տեղանքի ուժեղ և թույլ կողմերի (SWOT) վերլուծություն, մասնավորապես՝ զարգացման ներուժի, աշխարհագրական, տնտեսական, սոցիալական, բնապահպանական, մշակութային և առևտրային նպատակների բացահայտում, միջազգային փորձի լավագույն օրինակների ներկայացում և լանդշաֆտային պլանավորման սկզբունքների կիրառման հնարավորությունների ուսումնասիրություն: Ծրագրում ներառված համայնքներում  նախնական քննարկումների կազմակերպում:

Փուլ 3. Տարածքների զարգացման հատակագծերի մշակում

Վերը նշված 3 տարածքների քաղաքաշինական զարգացման ծրագրերի կազմում՝ հիմնվելով համաձայնեցված հայեցակարգային մոտեցումների, առկա իրավիճակային վերլուծության, զարգացման տնտեսապես հիմնավորված հնարավորությունների վրա: Քաղաքաշինական զարգացման ծրագրերը պետք է ներառեն կարճաժամկետ և միջնաժամկետ զարգացման տեսլականը, բնապահպանական սահմանափակումները, մարզային և համայնքային զարգացման առկա պլանները և ժամանակակից հեռանկարային տեխնոլոգիաների կիրառման հնարավորությունները՝ կապված շինարարության, կառուցապատման, կոմունալ ենթակառուցվածքների, ջրօգտագործման և ջրահեռացման համակարգերի նախագծման և էներգաարդյունավետության միջոցառումների ընդգրկման  հետ: Հողօգտագործման առաջարկներում պետք է հաշվի առնվեն միջազգային լավագույն փորձը լանդշատյաին նախագծման առումով և «Սևան» ազգային պարկի գործառնական գոտևորումը։

 

Հատակագծային լուծումները պետք է ներկայացնել հետևյալ կազմով.

  • Քաղաքաշինական զարգացման հայեցակարգ.
  • Հայեցակարգի իրականացման տեխնիկական հաշվետվություն.
  • Տարածքի քաղաքաշինական զարգացման ուրվագիծ.
  • Տարածքի գործառնական գոտևորում.
  • Կոմունալ տնտեսության և ինժեներա-տրանսպորտային ենթակառուցվածքների ուրվագծեր.
  • Տարածքի աղբահանության և սանիտարական մաքրման վերաբերյալ առաջարկություններ.
  • Տարածքի ճարտարապետական հայեցակարգ (կամ քաղաքաշինական կանոնադրությունը).
  • Կատարված աշխատանքների շնորհանդես PowerPoint ծրագրով:

 

Որպես հիմնադրույթային փաստաթուղթ անհրաժեշտ է ապահովել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի պահանջները։